Արթուր Գրիգորյան. Ջերմուկը հանք չի դառնալու, ինչպես Անգլիայի արքայազնը՝ թագավոր

Իրենց քաղաքակիրթ հռչակած պետությունների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Կանադայի դեսպանատները, Համաշխարհային բանկն ու Եվրոպայի զարգացման և վերակառուցման բանկը՝ հայրենի կառավարության հետ համատեղ, սույն թվականի մարտի 25-26-ին պատրաստվում են Երևանում անցկացնել կոնֆերանս` «Պատասխանատու հանքարդյունաբերություն» խորագրով: Հարկ չեմ համարում նույնիսկ անդրադառնալ այն հարցին, թե որքանով է բարոյական, որ վերը հիշատակված պետություններն ու ֆինանսական կազմակերպությունները որևէ բան կազմակերպեն «պատասխանատու» բառի օգտագործմամբ: Հիշեցնեմ միայն, որ ամերիկյան հանքարդյունաբերական ընկերությունն ուղղակի թշնամաբար այլանդակում է Ապարանի Մելիք գյուղը ու նպատակ ունի հասնելու մինչև Հանքավան, իսկ գերմանական ու կանադական ընկերությունները թունավոր թափոններով` ապրելու համար անպիտան են դարձրել  գրեթե ամբողջ Սյունիքը: Եվ այս ամենը ֆինանսավորում են «զարգացող» պետություններին պարտքային ստրկության մեջ պահող միջազգային «զարգացման» բանկերն ու կոռուպցիոն ծագում ունեցող օֆշորային փողերը:

Ու սա դեռ սկիզբն է: Հիմա էլ մեկ այլ քաղաքակիրթ ազգ է փորձում իր բաժինը կորզել մեր ռեսուրսներից: Խոսքն անգլիական մի ընկերության մասին է, որը փորձում է շահագործել Ջերմուկին հարակից և Սևանա լճի ջրահավաք ավազանում գտնվող Ամուլսարի հանքավայրը: Իսկ այս կոնֆերանսը, որի համար հրավիրվել են համաշխարհային մասշտաբի հանքակերները, հետապնդում է զուտ մեկ նպատակ՝ իրենց «մասնագիտական» գիտելիքներով  «հիմնավորել» Ամուլսարի շահագործման թույլատրելիությունը՝ մեզ դասեր տալով համաշխարհային «լավագույն փորձի» մասին:

Չար լեզուներն ասում են, որ քաղաքակիրթ ազգերին որոշակիորեն մտահոգել է նաև Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության հնարավոր հեռանկարը, որն էապես բարդացնելու է նրանց կյանքը՝ հանքահումքի արտահանման հարցում, քանի որ արտահանման համար սահմանված այսօրվա՝ զրո դրամ մաքսատուրքի արժեքն ու վերահսկողության մակարդակը կարող են էապես վերանայվել: Իսկ այդ դեպքում Հայաստանի ռեսուսները գողանալը հեշտ չի լինի, պետք է մի բան մտածել… Նույն լեզուներն ասում են նաև, որ Ամուլսարը միայն ոսկու հանքի խնդիր չէ, այլ Իրանի սահմանին մոտ՝ բարձրադիր գոտում ծանր տեխնիկա տեղափոխելու հեռանկար՝ Հայաստանը դարձնելով իրենց հեռահար «գեոպոլիծիկ» նպատակներին ծառայող թնդանոթի միս` առավել ևս, որ այդ հանքավայրը Հայաստանում ոսկու ամենաաղքատ պարունակությունն ունեցող հանքավայրն է, որի տնտեսական շահութաբերությունը հաստատվել է ծայրը ծայրի վրա: Բայց այս ամենն ընդամենը չար լեզուներն են, մենք հո էդպես չե՞նք կարծում: Վերադառնանք մեր գործին:

Այսպես, դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակ էր ուղարկել ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Ջոն Քերիին և Սայմոն Ֆրեյզերին՝ վերջիններիս ուշադրությունը հրավիրելով Հայաստանում իրենց դեսպանների պահվածքի վրա, ինչն ակնհայտորեն հակասում է Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով սահմանված դիվանագիտական նորմերին և էթիկայի կանոններին:

Մասնավորապես, օֆշորային գոտում գրանցված «Լիդիան Ինթերնեշընըլ» մասնավոր հանքարդյունաբերական ընկերության բիզնես շահերը սպասարկելու նպատակով, դեսպան Ջոն Հեֆերնը և Մեծ Բրիտանիայի ամուսին դեսպաններ Քեթրին Լիչն ու Ջոնաթան Էյվսը շարունակական և բացահայտ ճնշում են գործադրում կառավարական օղակների վրա,  ինչը կոպիտ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, չեն հարգում Հայաստանի Հանրապետության օրենքները:

ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներին ուղղված նամակում վերջիններիս տեղեկացվել է, որ իրենց գործողություններով «քաղաքակիրթ ազգերի» դեսպաններն անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում Հայաստանի Հանրապետության օրենսդրության, հանրային կարծիքի նկատմամբ, նպաստում են Հայաստանում միջհամայնքային կոնֆլիկտի խորացմանը: Միաժամանակ, անհասկանալի է դեսպանների կողմից օֆշորում գրանցված ընկերության մասնավոր շահերն այսպիսի մոլեռանդությամբ պաշտպանելու մոտիվացիան: Որևէ տնտեսական ծրագրում ամերիկացի ներդրողների որոշ ակտիվների առկայությունը չի կարող բավարար հիմք լինել օտարերկրյա դիվանագիտական ծառայության կողմից կոնֆլիկտային ծրագրին կոպիտ միջամտություն կատարելու համար, և որ դեսպանների գործողություններն ամենևին չեն համապատասխանում իրենց կողմից հռչակված ժողովրդավարության, իրավունքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի սկզբունքներին և նպատակներին:

Թեղուտի պաշտպանության խումբը տեղեկացրել է, որ դեսպանների վարքագիծը ողջամիտ կասկածներ է հարուցում նաև, որ դեսպանների գործողություններում կարող է լինել անձնական շահ, և հորդորել է սկսել անհապաղ հետաքննություն` պարզելու իրենց դեսպանների գործողությունների օրինականությունը դիվանագիտական նորմերի և էթիկայի կանոնների պահպանման հարցերի համատեքստում: Ի պատասխան, անգլիացիները մի արհամարհական նամակ են ուղարկել՝ ոչ մի բովանդակային հարցի չանդրադառնալով՝ «մեր դեսպաններն ինչ անում են, լավ են անում» ոճի մեջ: Իսկ Միացյալ Նահանգներից ընդհանրապես ոչ մի պատասխան չի ստացվել: Այսինքն՝ ոչ մի բովանդակային հակափաստարկ:

Եվ այս ամենից հետո ժողովրդավարության, այլակարծության և մարդու իրավունքների մասին դատարկաբանող իմպերիաների ներկայացուցիչները շարունակում են խոսել ինչ-որ «պատասխանատու» բաների մասին, իսկ գործնականում` իրենց օֆշորների միջոցով այն հասցնելով միջազգային մակարդակի: Իրականում, մեր ռեսուրսները յուրացրած պետություններն իրենց ֆինանսական ներարկումներով ընդամենը երկարաձգում են կոռումպացված իշխանությունների կյանքը: Խոշոր հաշվով, հենց իրենք էլ Հայաստանում խթանում են այն համակարգային կոռուպցիան, որի մեջ թաթախված են այսօրվա իշխանությունները, և որոնց վրա այդքան կոմպրոմատ ունեն քաղաքակիրթ ազգերի դեսպանները:

Ինչևէ, հանքարդյունաբերողների կազմակերպած կոնֆերանսին զուգահեռ, նույն օրը մենք էլ կազմակերպում ենք մեր՝ այլընտրանքային կոնֆերանսը, որտեղ կխոսեն ոչ թե քաղաքակիրթ ազգերի մեծարգո լուսավորիչները, որ եկել են մեզ՝ տգետներիս կրթելու, թե ինչպես մեր ռեսուրսները խելոք հանձնենք իրենց, այլ մենք՝ փոքր ածուներս: Անշուշտ, նրանք մեծ են ու հզոր, բայց բոլոր ժամանակներում և հատկապես այսօր` հենց մարգինալ խմբերն են կերտել մարդկային քաղաքակրթությունը: Կարող եք մեր նկատմամբ սրտներիդ ուզած սանկցիաները կիրառել՝ առգրավեք շվեյցարական բանկերում մեր ունեցած փողերը, հետն էլ զրկեք ձեր երկրներ մուտքի վիզայից, մենք մի կերպ կդիմանանք այդ վշտին: Մենք էլ այնպես կանենք, որ ձեր արքայազնը մկան ծակերով հեռանա Մատենադարանից: Մենք էլ այսքան ենք կարողանում, էլի վատ չի: Ու ականջներիդ օղ արեք՝ Ջերմուկը հանք չի դառնալու: Դա ավելի ահավոր նախագիծ է, քան նույնիսկ Թեղուտը: Դե՛, հիմա պատկերացրեք, թե ինչ դիմադրության եք հանդիպելու:

Արթուր Գրիգորյան

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

Աղբյուր՝  http://www.ilur.am/news/view/26801.html