Մամլո հաղորդագրություն

Երևան, մարտի 24, 2014թ.
հարցերի համար դիմել՝

Աննա Շահնազարյանին (save@teghut.am)
Արթուր Գրիգորյանին (save@teghut.am)
Լևոն Գալստյանին (armecofront@gmail.com)

 

«Անպատասխանատու հանքարդյունաբերությունը Հայաստանում» ալտեր-կոնֆերանսի մասնակիցները «Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ Հայաստանում» միջազգային կոնֆերանսը գնահատում են որպես Հայաստանում օտարերկրյա կորպորացիաների կողմից իրականացվող և ՀՀ կառավարության կողմից հովանավորվող հանքարդյունաբերության, ներկայում բնական պաշարների անխնա թալանի «տնտեսվարման մոդելի» լեգիտիմացմանը և շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության վրա հանքարդյունաբերության ունեցած աղետալի սքողմանն ուղղված քայլ։

Ուստի ալտեր-կոնֆերանսի մասնակիցները պատրաստել են հայտարարություն, որը կներկայացվի Մարիոթ հյուրանոցի ներսում անցկացվող կոնֆերանսի մասնակիցներին, այնուհետև կքննարկվի ալտեր կոնֆերանսի ընթացքում:

Հայտարարության տեքստն ամբողջությամբ՝ ստորև:

 

Հայտարարություն

«Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ Հայաստանում» միջազգային կոնֆերանսի կապակցությամբ

Երևան, մարտի 25

 

Մենք՝ «Անպատասխանատու հանքարդյունաբերությունը Հայաստանում» ալտեր-կոնֆերանսի մասնակիցներս, Մարիոթ հյուրանոցում անցկացվող «Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ Հայաստանում» միջազգային կոնֆերանսը գնահատում ենք որպես Հայաստանում օտարերկրյա կորպորացիաների կողմից իրականացվող և ՀՀ կառավարության կողմից հովանավորվող հանքարդյունաբերության, ներկայում բնական պաշարների անխնա թալանի «տնտեսվարման մոդելի» լեգիտիմացմանը և շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության վրա հանքարդյունաբերության ունեցած աղետալի ազդեցության սքողմանն ուղղված քայլ։

Կոնֆերանսը կազմակերպվում է ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի կողմից՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Կանադայի դեսպանատների աջակցությամբ։ Այս երկրների հանքարդյունաբերական կազմակերպությունները ներկայում շահագործում են կամ պլանավորում են շահագործել հանքեր Հայաստանում։ Մասնավորապես՝ անգլիական «Լիդիան Ինթերնեշնլ» կազմակերպությունը շարունակում է փորձեր կատարել Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ուղղությամբ՝ օգտվելով Համաշխարհային բանկ գրուպի անդամ հանդիսացող Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական և այլ տեսակի աջակցությունից։ Հատկանշական է, որ կոնֆերանսի ընթացքում «միջազգային լավ պրակտիկայից և պատասխանատու հանքարդյունաբերությունից» խոսելու են հենց այս կազմակերպությունները, ինչպես նաև հանքարդյունաբերական  ընկերությունների ներկայացուցիչները՝ առանց նախապես անդրադառնալու հանքարդյունաբերության արդյունքում բազմաթիվ իրավունքների և նորմերի խախտումների, աղքատության աճի և բնակչության առողջության վրա աղետալի ազդեցությանը: Կոնֆերանսի կազմակերպիչները, մասնակիցները և օրակարգը, չնայած դրանցում Հայաստանի քաղաքացիական հասարակության փոքրաթիվ մասնակիցների, հուշում են, որ այն անց է կացվում միակողմանիորեն շահագրգիռ սուբյեկտների կողմից և չի կարող համարվել ո՛չ չեզոք, ո՛չ գիտական, ո՛չ էլ հավասարակշռված:

Հաշվի առնելով, որ այսօր ՀՀ-ում`

  • հանքարդյունաբերությունը կառավարությունը հռչակել է տնտեսական զարգացման հիմնական ուղղություն, քանի որ
    • այն ամենահեշտ միջոցն է քիչ ներդրումով հսկայական շահույթ ստանալու
    • նվազ վերահսկելի է
    • օֆշորային գրանցումների շնորհիվ առավել անտեսանելի է
    • չի կրում պոտենցիալ կամ առաջացրած վնասների դիմաց տույժեր
    • գտնվում է աշխարհում ամենացածր հարկման դաշտում
    • ապահովում է հսկայական եկամուտներ քչերի համար
    • հեշտ է դրանից կորզել հսկայական կաշառքներ
  • հանքարդյունաբերությանն այլընտրանք հանդիսացող ծրագրեր և մաքուր տնտեսական զարգացման մոդելներ չեն մշակվում և խթանվում,
  • հանքարդյունաբերական ընկերություններն առաջնորդվում են բացառապես սեփական շահի մաքսիմալացման սկզբունքով և «պատասխանատու» քայլերի չեն դիմի մինչև այդպիսիք չպահանջվեն օրենսդրությամբ, իսկ  օրենսդրությունն այսօր նման պահանջներ չի ներկայացնում (ՀՀ օրենսդրությունը ձևավորվում, կարգավորվում և փոփոխվում է մասնավորապես Համաշխարհային Բանկի «թավշյա» թելադրանքով),
  • շահագործման լիցենզիա է տրված Հայաստանի բնական ռեսուրսների պաշարների  ավելի քան 70%-ին. մետաղական հանքերի 84%ին և ոչ մետաղական հանքերի 64%-ին,
  • հանքարդյունաբերությունն ապահովում է պետբյուջեի մուտքերի ընդամենը 5%ը, որի մեծամասնությունն էլ (շուրջ 80%-ը) ապահովում է ընդամենը մեկ ընկերություն,
  • պաշտոնական տվյալների համաձայն աղքատ է բնակչության 36%-ը, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր ունեն օրական  3 ԱՄՆ դոլարից պակաս եկամուտ,
  • չկան գործուն մեխանիզմներ՝ ապահովելու շահագրգիռ հանրության վճռորոշ մասնակցությունը հանքարդյունաբերական ծրագրերում որոշումների կայացման գործընթացում և պաշտպանելու համայնքների գույքային և առողջ ու բարեկեցիկ միջավայրում ապրելու իրավունքը,
  • առողջապահական պետական հատկացումները գնալով նվազում են, էկոլոգիայի վատթարացմամբ պայմանավորված շատ հիվանդություններ այլևս պետպատվերով չեն բուժվում, սակայն բնակչության առողջական վիճակը գնալով վատթարանում է,
  • չկա դատաիրավական պրակտիկա պատասխանատվության ենթարկելու հանքարդյունաբերական մեքենայություններում և կոռուպցիայում թաթախված պաշտոնյաներին,

 

Եվ հաշվի առնելով, որ այս հարցերը չեն քննարկվելու միջազգային կոնֆերանսի ընթացքում, ապա նման խորագրով միջազգային կոնֆերանսի կազմակերպումը մեկնաբանում ենք որպես իրական պատկերը և իրական մարտահրավերները կոծկելու փորձ:

Փոխարենը, պահանջում ենք հետևյալը։

ՀՀ կառավարությունից  պահանջում ենք`

  • Կասեցնել ընդերքօգտագործման իրավունք ունեցող, բայց շահագործումը չսկսած աղետալի ծրագրերը, հատկապես մետաղական հանքերին վերաբերող ծրագրերը (Թեղուտ, Ամուլսար, Մեղրաձոր, Սվարանց, Բարձրաբերդ, Տաշտուն և այլն)
  • Ապահովել գործող հանքերի շահագործման թափանցիկության, շահագործողներին պարտադրել տեխնոլոգիաների արդիականացում, իրականացնել հարկերի ավելացում, մասնավորապես՝ թափոնների տեղադրման համար հարկում, շրջակա միջավայրի վրա ունեցած վնասների փոխհատուցում, աշխատողների և ազդեցության անմիջական գոտում գտնվող բնակիչների առողջության ապահովագրում
  • Իրականացնել հանքարդյունաբերողների ֆինանսական ռեսուրսների խիստ վերահսկողություն
  • Կատարել ընդերքի հարստության շահագործման արդյունքում առաջացող եկամտի արդարացի բաշխում հանրության ներկայիս և ապագա անդամների միջև, օրինակ՝ ստեղծել սերունդների անձեռնմխելի ֆոնդ, իրականացնել խիստ հարկային քաղաքականություն, երաշխավորել պարտադիր պետական բաժնեմասի առկայություն
  • Կասեցնել օֆշորային գոտում գրանցված հանքարդյունաբերական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը, բոլորին բերել ներպետական հարկային դաշտ և ապահվելու բոլոր սեփականատերերի մասին տեղեկատվության մատչելիություն
  • Համայնքներին օժտել ծրագրերի հաստատմանը մասնակցելու լիարժեք և վճռորոշ իրավունքով
  • Ստեղծել արդյունավետ մեխանիզմներ հանրության կողմից հանքարդյունաբերական ծրագրերի վերահսկողություն իրականացնելու համար
  • Ամրագրել օգուտների և վնասների գնահատման ամբողջական մեխանիզմներ օրենսդրության մեջ, այդ թվում՝ ներմուծել էկոհամակարգերի ծառայությունների գնահատումը որպես օրենքով պահանջվող գործընթաց
  • Պարտադիր դիտարկել այլընտրանքային տնտեսական հնարավորությունները հանքարդյունաբերական ծրագրերի քննարկման ժամանակ
  • Կատարել մինչ այժմ հանքարդյունաբերական ընկերությունների պատճառած էկոլոգիական վնասի տնտեսական գնահատում և ապահովել վնասի հատուցում
  • Ներդնել «աղտոտողը վճարում է» սկզբունքը և  հանքարդյունաբերական թափոնների համար սահմանել բարձր վճարներ ու կատարել գանձումներ
  • Համագործակցել ՀՀ դատախազության հետ և ապահովել, որ քննվեն մինչև այժմ հանրության կողմից պետական մարմիններին ուղղված հանցագործությունների մասին հաղորդումները, որոնք վերաբերում են հանքարդյունաբերությանը և շրջակա միջավայրի անվտանգության նկատմամբ կատարված ոտնձգություններին, և մեղավորները ենթարկվեն պատասխանատվության:

 

Միջազգային ֆինանսական կազմակերպություններից պահանջում ենք `

  • Համաշխարհային բանկից՝ իրականացնել Հայաստանում զարգացմանն ուղղված 20-ամյա գործունեության աուդիտ, Հայաստանի զարգացման մեջ իր դերի գնահատում, իր կողմից հովանավորվող օրենսդրական փոփոխությունների, մասնավորապես նոր «Ընդերքի մասին օրենսգրքի»  արդյունավետության, այդ թվում՝ դրա արդյունքում ոլորտի բարելավման չափանիշների գնահատում և արդյունքների հանրայնացում
  • Իսպառ բացառել Հայաստանում նոր հանքեր շահագործելուն ուղղված ներդրումային ծրագրերը (մասնավորապես՝ Ամուլսարի ոսկու հանքը)
  • Ֆինանսական աջակցություն տրամադրել միայն մաքուր զարգացման ծրագրերին:

 

Դիվանագիտական ներկայացուցիչներից /դեսպանատներից պահանջում ենք`

  • Դադարեցնել հանքարդյունաբերական մասնավոր գործընթացներին միջամտությունները և սեփական երկրների մասնավոր ընկերություններին հովանավորելը
  • Դադարեցնել ՀՀ կառավարության նկատմամբ հանուն հանքարդյունաբերության իրականացվող ճնշումները
  • Պահպանել բացարձակ չեզոքություն և հետապնդել ժողովուրդների միջև բարեկամության և աշխարհի ժողովուրդների բարեկեցության նպատակները: